Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/640

Այս էջը հաստատված է

խափանել ընթացքը հազար մանկական սատանություններով, մինչ Աղավնի կշտամբալից ձևով մ՚ըսավ.

— Եղբա՛յրս, այսչա՜փ անհամբեր ես ուրեմն զիս թողլու:

— Հրեշտակս,— պատասխանեց նա,— ցավ է ինձ թողուլ զքեզ այսչափ շուտ. բայց կարգադրելիք գործ մ՚ունիմ, և անմիջապես որ կատարեմ զայն, կուգամ քեզ և Արմինեի խիստ ուրախառիթ լուր մի տալու։

— Իմացուր զայդ այժմեն,— գոչեց Արմինե։

— Ո՛չ, անկարելի է։

— Կսպասենք, եղբա՛յրս,— ըսավ Աղավնի, համակերպությամբ։

— Կեցցե՜ս ուրեմն, իմ սիրո՛ւն փոքրիկս,— ըսելով, համբույր մի ևս տվավ հիվանդին, ուրիշ մ՚ալ Արմինեին, և փութաց սենեկեն դուրս ելնելու։

Ներսես հարցուց աղախնույն եթե տիկինն արթնցած էր, և իմանալով որ նա յուր սենյակն էր, և թե յուր հայրն եկեղեցի գնացած էր՝ կիրակի լինելով նույն օրը, քայլեց դեպի խուց տիկին Աբգարյանի, և հարցուց անոր եթե ներելի էր ներս մտնել։

Տիկինն հաճեցավ, սակայն մեծ սրտահուզություն մ՚զգաց նկատելով թե ամուսնույն որդին ոչ երբեք այդպիսի քայլ մ՚առած էր մինչև նույն օրն, և թե կարևոր պատճառ մ՚ուներ անշուշտ յուր սենեկին մեջ հետը խոսելու արտոնությունը խնդրելով։

Ներսես սենեկեն ներս մտավ ու դուռը գոցելով իմացուց թե առանձին խոսակցություն մի կը խնդրեր։

— Կրնաք վստահ լինել,— ըսավ տիկինը,— թե ոչ ոք հոս կը մտնե առանց հրամանիս, եթե ոչ ամուսինս։

— Լավ ուրեմն,— ըսավ երիտասարդն, և վայրկյան մի կանգ առնելով՝ սկսավ այսպես յուր խոսակցությունը.

Չգիտեմ ի՜նչ պատճառ ունիք, տիկին, օրիորդ Արաքսիայի դեմ ատելություն ունենալու համար։

— Խնդրեմ,— պատասխանեց գոռոզ կինն,— երբեք զինքն ատելությամբս չեմ պատված, և դուք զարմանալու չեք այդ բանին վրա։