Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/642

Այս էջը հաստատված է

գոյությանը ջնջել չէ, ահա ձեր գիրն, ամենքս ևս կը ճանաչենք, և եթե համառիք ուրանալու գրության մեջ մնալու, պիտի պարտավորիմ նույնիսկ պ. Սիսակի դիմել ճշմարտությունն հայտնել տալու համար անոր։

Կինն հասկցավ թե Սիսակ բացարձակ թշնամի դարձած էր իրեն դեմ, քանի որ յուր նամակը թշնամյացը ձեռքը մատնած էր։

— Տիկին,— ըսավ Ներսես,— հայրս իրոք զձեզ պաշտած է մինչև ցարդ. բայց կուրորեն հավատալով ի ձեզ, յուր անունն ամեն տեսակ անպատվության մատներ է։

Լուռ կը կենար սարսափած կինը։

— Սա ստույգ է,— հարեց Ներսես,— որ զձեզ պաշտելովն հանդերձ եթե իմանար թե որպիսի եղանակավ գործածած եք ձեր վայելած ազատությունը, վայրկյան մ՚իսկ զձեզ յուր հարկին ներքև չէր պահեր ապահովապես. որով մեկ վայրկենի մեջ կը զրկվեինք բոլոր ձեր վայելած պատիվներեն իբր տիկին Աբգարյան, ու կենաց բոլոր մեծություններեն։

Տիկինն ևս քան զևս կայլագուներ, և անձը կը մաշեր նկատելով խոնարհ վիճակն որում ենթարկված էր։

— Սակայն, տիկին,— ըսավ Ներսես,— ես հորս ալևորությանը կուզեմ խնայել, ինչպես տղայոցն պատվույն, վասնզի ընկերության մեջ շատ հանցանաց կը ներվի, բավ է որ արտաքին ցույցերն ըստ բավականի լավ պահպանված լինին, բայց երբ այդ հանցանքն երևան ելնելով մինչև գայթակղության կը հասնի հարուցած աղմկովն՝ հայնժամ ընկերությունն անխիղճ կերպիվ զդատապարտյալը կը զեղչե յուր ծոցեն։

Տիկին Աբգարյան լավ գիտեր թե յուր ամուսնույն անունն իբր պաշտպանող քող կը տարածվեր յուր վրա։

— Ուստի, տիկի՛ն, ես կը լռեմ ձեր մասին՝ ինչպես ըսի` հորս և քույրերուս խնայելու բաղձանոք, զի ձեր հանցանաց մրուրը մինչև այն անմեղ էակաց վրա կրնա ժայթքել։ Բայց եթե զօրիորդ Արաքսիան, այսինքն իմ նշանածս, համարձակիք երբեք պախարակել և զրպարտել, հայնժամ ես ևս ի սեր այն արդարության զոր կը պարտիմ Արաքսիայի, պետք է որ զամեն ինչ հորս հայտնեմ. զի ներելի չէ որ անմեղն Արաքսիա ավելի երկար ժամանակ անիրավվի յուր պատվո մասին։