Բայց տիկին Աբգարյանի հյուրընկալությունը ցուրտ էր և անտարբեր։ Իսկ Արաքսիա ամենայն արժանապատվությամբ և պարզությամբ վարվեցավ այն կնոջ հետ։
Ներսես թվեր երջանիկ, երջանիկ՝ բառին ընդարձակագույն առմամբ։ Մերթ ընդ մերթ գաղտագողի ակնարկ մի կարձակեր տիկին Աբգարյանի, և վերահասու կը լիներ թե այդ կինը զյուր հոգին կը կրծեր, և թե չարաչար կը տանջվեր այն հարկին առջև ճանաչելով զԱրաքսիան իբր ընտանյաց անդամ։ Փոխանակ բացարձակ նախատալից ձևերու՝ պարտական էր հանդուրժել անոր ներկայության իսկ զոր հոգվով կատեր, և այդ պարտականությունը զինքը կը մահացներ։
Արաքսիա հանգիստ չէր յուր նստած տեղը. աչքերովն և շարժմամբը կը հայտներ թե անձկություն մ՚ուներ, թե բան մի կորոներ։
Ներսես որ կը հետամտեր ամեն շարժմանը օրիորդին՝ հասկցավ թե նա անհամբեր էր այցելելու փոքրիկ հիվանդին։
Հետևապես քանի մի բառ փսփսալեն վերջը հորը ականջին՝ սա օրիորդին առաջարկեց որ երթա տղայոց սենյակը։
Հազիվ հազ տեսավ Աղավնի զԱրաքսիան և իսկույն հալած թևերը բանալով ընդգրկեց զայն անհուն կարոտիվ։
Աղջիկն ուրախության սաստկութենեն սակավ ինչ վնասվեցավ, և չէր ուզեր թողուլ ձեռքն յուր վաղեմի վարժուհվույն զոր շարունակ շրթանցը կը տաներ, մինչ մյուս ձեռքն Արմինե բռնած էր և յուր ուրախությունն որոտալից կերպիվ կը հայտներ։
Արաքսիա կատարելապես զգածված հիվանդին անտանելի կերպարանափոխութենեն, անկարող էր ի սկզբան բառ մ՚արտասանելու, և կը շատանար զաղջիկն սրտին վրա սեղմելով. բայց ապա երբ հուզումն հանդարտեցավ սակավիկ մի, ըսավ․
— Կը գտնեմ զքեզ ուրեմն վերստին, ո՜վ իմ Աղավնիս, դու որ պատճառ ես այս վայրկենիս վայելած երջանկությանս։
Տղան չէր հասկնար թե աղջիկը կակնարկեր այն հրավերին զոր ըրած էր եղբորն Պոլիս գալու, և առանց ոչինչ հարցնելու կը վայելեր տեսությունն յուր սիրելի օրիորդին։