Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/650

Այս էջը հաստատված է

խորը վիշտ զգալով, զի կարծեց հասկնալ թե աղջիկն կիմանար յուր մոտալուտ վերջն։

— Ուրեմն, կը խոստանա՞ս,— հարցուց։

– Քեզ ի՞նչ կրնամ մերժել։

— Շնորհակալ եմ, հայրիկս։

— Բայց,— ըսավ պ. Աբգարյան,— չբավեր քեզ իմ հավանությունս միայն։ Պետք է որ ստանաս նաև տիկին Վարսամյանի, ինչպես և երկու նշանածներուն հավանությունը։

Եվ այս երկու վերջնոց նայելով՝ մասնավոր ժպտով մի ժպտեցավ։ Տիկին Վարսամյան որ ամեն ժամանակ պատրաստ էր համակարծիք գտնվելու յուր ապագա մեծատուն խնամվույն հետ, այս պարագայիս մեջ մանավանդ փութաց յուր հավանությունը կրկին եռանդյամբ տալու։

Ներսեսի հաճությունն ստանալը դժվար ինչ չէր, քանի որ յուր նյութական վիճակը տարիե մ՚իվեր խիստ զգալապես բարվոքած էր, մանավանդ յուր մեկ մորեղբորը թողած հարստությունը ժառանգելով. ուստի այդ ամուսնությունն անմիջապես կատարելու բնավ արգելք չկար։

Իսկ Արաքսիայի հավանությունն ստանալու ոչ ոք փույթ ըրավ։ Կույսը ոսկեզօծ երազ մի կը տեսներ որ զյուր դեմք կը պայծառացներ։

Որոշվեցավ հետևապես որ երկու շաբաթեն տեղի ունենա ամուսնությունը Ներսեսի, թեև այդ կարճ պայմանաժամն իսկ երկար կը թվեր Աղավնիի։ Բայց Արաքսիայի մասին այլ և այլ պատրաստություններ զգեստուց վերաբերյալ, ժամանակի կը կարոտեին, որով դժվար ինչ էր. առավել փութացնել հարսանիքը։

Ավելորդ է ըսել թե Ներսես ունեցավ մատակարարության հոգն օժտին յուր սիրեցյալ Արաքսիայի։

Վերջապես տիկին Վարսամյան յուր աղջկան հետ հրաժեշտ առավ Աբգարյան ընտանիքեն։ Եվ երբ մեկնելու վայրկենին ուզեց բարևել զտան տիկինն՝ սա յուր սենյակը փակված էր, և պատասխան ղրկեց թե գլխու ցավուն պատճառավ անկարող էր թողուլ զյուր խուց։

Տիկին Աբգարյան կր մխիթարվեր մինչև վերջին վայրկյանն իսկ յուր անտարբերությունն հայտնելով Արաքսիայի և