Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/653

Այս էջը հաստատված է


— Սակայն նկատեցեք որ եթե այնչափ խորհրդապահ չլինեիք, թե ձեզ և թե ինձ մեծ աղետներ կը խնայեիք։

— Առավելությունն ունեցանք, օրիորդ, վեպի նյութ մի հայթայթելու,— ըսավ Ներսես ժպտելով։

— Սակայն հավատացեք, պարո՛ն, թե նախապատիվ կը համարեի որ ուրիշներ մատակարարեին վեպի նյութը քան թե մենք։ Ավելի հեշտին է հանդիսական լինել քան թե տխուր թատերախաղի մի հերոսները։

— Կենաց բեմին վրա ոչ ոք կրնա դիանալ թե ո՞ր դերը խաղալու սահմանյալ է, օրիո՛րդ։

— Ինչպես զոր օրինակ մենք՝ մինչ ողբերգակ էինք, հաջողեցանք այդ դերը լավագունին հետ փոխելու,— ըսավ Վարդանույշ։

— Մաղթելով սակայն,— հարեց Արաքսիա խնդալով,— որ կատակերգությամբ չվերջանան մեր դերերը։

Մինչ այսպես կը խոսեին, սպասավորը նամակ մի բերավ տվավ Վարդանույշի։

Կույսը բացավ և երբ կը կարդար զայն, դեմքն այլագունեցավ։

— Ի՞նչ կա,— հարցուց Արաքսիա այլայլելով։

— Ա՛ռ և կարդա՛,— ըսավ հուզյալ աղջիկը։

Հետ կարդալուն՝ Արաքսիա գոչեց.

— Ճիշտ ահա կատակերգությունն որում կակնարկեի։

— Ի՞նչ կը նշանակե Սիսակի վերագրված հանցանքը,— հարցուց Վարդանույշ անձկությամբ։

— Չե՞ս հասկնար թե վերջին ճիգն է թշնամվույն զքեզ նպատակիդ չհասցնելու համար, բարեկամուհիս։

— Եվ ես արդյոք չե՞մ կարող իմանալ պարունակությունը նամակին,— ըսավ Ներսես, կատակի եղանակավ։

— Ահավասիկ թուղթն, ա՛ռ, կարդա՛,– գոչեց Արաքսիա յուր նշանածին, նշանակությամբ լի նայվածք մ՚ուղղելով։

Ներսես աչքե անցընելով զայն խնդաց, և արհամարհանոք նամակը մեկ կողմ նետելով, ըսավ.

— Հայտնի է որ ձեր թշնամին վերջին ճգամբ ուզած է ձեր ձեռքեն հափշտակել զպ. Սիսակ, ապօրինավոր հարաբերություններ վերագրելով գավառացի աղջկան մի հետ։