— Բայց այսպիսի զրպարտություն մի ինչպե՞ս կրնա լինիլ,— հարցուց Վարդանույշ, տագնապալից եղանակավ։
— Շատ շուտ մոռցաք, օրիորդ, թե նուչնչափ ծանր մեղադրանաց ենթարկվեցավ նույնիսկ Արաքսիան, որ առաքինության տիպար է։
— Այսինքն կուզեք ըսել թե Սիսակ օրինակելի անձ մի լինելե հեռու է։
- Դիտավորությունս այդ ըսել չէ պ. Սիսակի մասին։ Սակայն պատասխանեմ ձեր խոսքերուն։
Ընկերությունը չի խնդրեր այլև մարդեն այր առաքինությունը զոր կը պահանջե ձեր սեռեն, օրիորդ։
— Այսինքն,— ըսավ Արաքսիա,— ընկերությունը կը պահանջե մեզմե անարատ սիրտ և անարատ կյանք, փոխադարձաբար ընդունելու համար աղարտյալ հոգի և բարք։
— Իրավացի է ցասումդ, Արաքսիա՛,— ըսավ Ներսես,— այդ անհավասարության առջև։
— Եվ սակայն այդ խոստովանությամբ հանդերձ, դու առաջինն ես նախանձախնդիր լինելու այրական իրավանցդ, Ներսե՛ս։
— Տե՛ս ինչ է։ Դարավոր նախապաշարմամր լցված են մեր սիրտն ու միտքը։ Թեև բանականությունն և արդարությունը կը բողոքեն, հանդերձ այսու դժվարին է արմատախիլ ընել մեկեն ի մեկ այն գաղափարներն որով սնած ենք։
— Վասնզի անոնք նպաստավոր են ձեզ։
— Գուցե մարդս որչափ ալ արդարասեր լինի, միշտ անձնասեր կը մնա։
— Ո՞ւր է ուրեմն ձեր արդարասիրությունը, քանի որ անձնասիրությունը զայն կը չեզոքացնե։
Վարդանույշի միտքը թվեր այլուր լինել։ Զայդ դիտելով Արաքսիա ըսավ.
— Վարդանո՛ւյշ, ապահով եմ որ միտքդ այդ անճոռնի նամակավ զբաղյալ է։
— Չգիտեմ ինչո՞ւ,— պատասխանեց նա,— մակաբերելովս հանդերձ որ նոր դավ մ՚է ինձ դեմ, հուզվեցա առավել քան զոր կուզեի։