Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/658

Այս էջը հաստատված է


մ՚ուներ այդ ողոքալից խոսքերեն, և վրեժն առավ անոր մայրը ծաղրելով.

— Հարսին մորը նայեցեք,— ըսավ,— կարծես թե պիտի պայթի, այնչափ ուռեր է գոհունակութենեն. ծաղրե՜լի կին։

Երիտասարդը ժպտեցավ առանց բառ մ՚ըսելու։

— Բայց,— հարեց տան տիկինն,— հարկավ այդ չտես և անշուք կնոջ համար երազ կը թվի մեր ընտանյաց հետ խնամություն ունենալը. մտածեցեք որ յուր դուստրը թոշակավոր աղջիկ մ՚էր տանս մեջ, վարժուհի մ՚էր վերջապես։

Երիտասարդը շուտ հասկցավ թե տիկինը դառնության ներգործությամբ կը խոսեր, և քանի որ Ներսես յուր բարեկամն էր, զգուշացավ Վարսամյան ընտանյաց նկատմամբ աննպաստ դատողություն մ՚ընելե՝ տիկնոջ հաճելի լինելու նպատակավ. ուստի հեռացավ անկե ամենայն վայելչությամբ։

Կոչունքը տեղի ունեցավ ոչ զարմանալի կենդանությամբ: Աղավնիի ցավալի վիճակն ինչպես և տան տիկնոջ դժգոհ կերպարանքն կարծես ամենուն վրա խոր ներգործեցին։ Բայց ոչինչ կրնար խափանել հարսին ու փեսին հանդարտ գոհունակությունը։

Հավարտ պսակին ամենքը ցրվեցան, և Ներսես զյուր նորապսակ հարսը տարավ առժամանակյա կերպիվ պատրաստված փոքրիկ վայելուչ հարկին մեջ, մինչև որ պատրաստվեր իրեն հատկացյալ գեղեցիկ տունն ուր պիտի փոխադրվեր կնոջը ծնողաց հետ, ինչպես խոստացած էր արդեն ի սկզբան։

Նորապսակ տիկին Ներսեսի լուսավոր երանությունը ստվեր մ՚ունեցավ նույն գիշեր, նախ Աղավնիին անհույս հիվանդության պատճառավ, հետո Վարդանույշի և տիկին Հարթմանյանի բացակայության համար։

Վարդանույշ բնականապես մուտք չէր կրնար ունենալ այդ տան մեջ։ Իսկ տիկին Հարթմանյան չէր ուզեր երբեք վերաբերություն ունենալ տիկին Աբգարյանի հետ, որուն անպատիվ գործոց ու մեքենայությանց տեղեկացավ երբ Արաքսիան ինքզինքը բոլորովին լքյալ համարելով Ներսեսեն, պարտավորեցավ զամեն ինչ պատմել անոր և կրկին առթով մնացածն իմացավ փրկելու համար զՍիսակ գավառացվույն ձեռքեն, երբ յուր գործակցությունն հարկավոր եղավ։