Երկու շաբաթ վերջն հետ ամուսնության Ներսեսի, տեղի ունեցավ Սիսակի պսակադրության հանդեսը։
Արաքսիայի և Վարդանույշի երջանկությունը չափ չէր ճանաչեր։ Վեըշապես երկուքն ևս փոթորիկներու մեջեն անցնելե հետո կը հասնեին սիրո նավահանգիստը։
Ինչպես խոստացած էր հարսն պ. Աբգարանի, ամեն օր կերթար այցելության Աղավնիի՝ որուն վիճակն օր ավուր ավելի սպառնացող դիրք մի կառներ։
Արաքսիա կը հսկեր անոր վրա իբր ճշմարիտ մոր մի խանդաղատանոք, մինչ բուն մայրը կը շատանար օրվան մեջ քանի մ՚այցելություններ ընելով։
Ամիս մ՚անցած էր հարսանյաց օրեն իվեր, երբ հանկարծ Աղավնիի վրա չարագուշակ վճռողական նշաններ երևան ելան։
Օր մի մանավանդ մոտալուտ վախճանի մի տարակույս չէր մնար, Ներսեսի հարսը փոքրիկ տառապելույն մահճին քով նստած էր ձեռքին մեջ ունենալով մանկան ձեռքն, երբ զգաց թե հիվանդը յուր ձեռքը կը սեղմեր տակավին իրեն մնացած ուժովը։
Արաքսիա տեղեն ելնելով ծռեցավ դեպի հիվանդն հարցնելու համար եթե բանի մի կը կարոտեր։
— Ո՛չ,— ըսավ,— բան չեմ ուզեր, միայն թե երջանիկ եմ որ դու պիտի աչերս գոցես փոխանակ գերման վարժուհվույն զոր՝ ցավով խոստովանիմ, երբեք չկարողացա սիրել, թեև ջանացի իրեն համակրելու։
Նույն միջոցին սենեկին մեկ անկյունը նստած ձեռագործով մի կզբաղեր ծեր աղջիկն, Արմինեի վրա հսկելով միշտ զորավարի սովորական ճշտությամբ։
— Սիրեցյա՛լ հարսս,— մրմնջեց հիվանդը,— փափագելի էր ինձ ազատ լինել ամեն օտար ներկայութենե, և շրջապատվիլ միայն իմ սիրեցյալներես։
— Լա՛վ, սիրո՛ւն Աղավնիս,— ըստ կամացդ ամեն ինչ կը տնօրինեմ։