Եվ զայս ըսելով Արաքսիա խնդրեց վարժուհիեն որ ուրիշ սենեկի մեջ վարե յուր հսկողության պաշտոնն Արմինեի վրա, առարկելով թե հիվանդն լռության պետք ուներ։
Մինչ Արմինե սենեկեն դուրս ելնելու կը պատրաստվեր գերմանուհվույն հետ, Աղավնի քովը կանչեց յուր քույրն և ամենայն գորովով կրկին և կրկին անգամ համրուրելեն վերջն՝ արձակեց զայն արտասվալից աչոք։
Դիտեց զայդ նորապսակ կինն և յուր աչքեն հոսած լեղի շիթը սրբեց։
Երբ առանձին մնաց հիվանդն յուր հարսին հետ, ըսավ.
— Խոսե՛, որպեսզի ձայնդ լսեմ։
— Ինչ կուզես որ պատմեմ քեզ, Աղավնիս։
— Փույթ չէ ինձ այդ, բավ է որ ձայնդ լսեմ։
Համբուրեց զնա մանկամարդ կինն ի պատասխանի։
— Ահա վերջապես մեռնելու ժամանակս ունեցա մեծագույն մխիթարությունը, այն է զքեզ և եղբայրս տեսնել։
— Ինչո՞ւ, հրեշտակս, այդպիսի տխուր գաղափարներ ունիս։
— Ի՞նչ օգուտ ճշմարտության առջև կույր լինել։
Չե՞ս մտածեր որ հոգիս կը հոշոտես։
— Լավագույն է ուրեմն որ նախապատրաստվես մեր բաժանման։
— Ո՛չ երբեք, պիտի ապրիս որպեսզի վայելենք զքեզ։
– Կը փափագեի ապրիլ, այո՛, բայց ի՞նչ օգուտ։ Եթե ապրեի, ոչ ևս քեզմե ու եղբորմես բաժնվելու կը դատապարտվեի, և ոչ ևս զուրկ կը մնայի ի սիրո, զի հավատա ինձ որ հոգիս չի կրնար սնանիլ առանց գորովո։
– Վասնզի դու՝ իբր ամեն ազնիվ հոգի, բարձր սնունդի կը կարոտեիր։
- Ցավալի է ինձ թողուլ իմ պատվական հայրս զի գիտեմ որ սաստիկ պիտի զգածվի։ Սիրած է զիս միշտ և ես երախտապարտ եմ անոր, բայց հոր մի զգացումը չի բավեր լեցնելու սիրատենչ սրտի մի պետքը այն պատճառավ որ հարաբերություններն քիչ են ընդմեջ հոր և յուր զավկին, առաջնույն հանապազօրյա բացակայությանց և գործոց պատճառավ։