Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/661

Այս էջը հաստատված է

Կանգ առավ փափուկ էակն խոսելեն հոգնելով, և ապա շարունակեց նորեն՝ քիչ մ՚ուժ ստանալով։

— Մայրս ջանացած է մեր ամեն պետքերն հոգալ. շնորհակալ եմ իրմե։ Իսկ քույրիկս իմ սակավամյա սիրուն ընկերուհիս եղած է։ Գիտեմ որ ես իրեն դատարկություն մի պիտի թողում, զոր կը խնդրեմ քեզմե լեցնել քու սիրովդ ու խնամքով։

— Վստա՛հ լեր, պաշտելի Աղավնիս,— ըսավ Արաքսիա հեծկլտանոք։

— Արդ,— ըսավ հիվանդն,— թույլ տուր ինձ համբուրել զքեզ, կրկին և կրկին անգամ հանձնելով քեզ եղբորս երջանկությունն և հորս ալևորությունը։

Բացավ թևերն և Արաքսիա գլուխը անոր կուրծքին վրա դնելով սկսավ լալ հորդառատ։

— Կը փափագեի տեսնել իմ հայրս. բայց ծանր պիտի թվեր անոր այս իմ վերջին վայրկենիս տեսարանը։ Մատո՛ նմա բոլոր իմ սերս, ինչպես և քուրիկիս բոլոր սիրտս։

— Ո՞ւր է եղբայրս,— հարցուց,— նա բավական ուժով է մահվանս վկա լինելու համար։

Նույն միջոցին Ներսես սենեկեն ներս կը մտներ։

— Մոտեցի՛ր ինձ, եղբայրս սիրեցյալ։ Քեզ կը հանձնեմ իմ հարսս երջանիկ ընելու պարտքը. սիրե զայն ինձ համար ևս, և հիշեցեք զիս երբեմն զի զձեզ շատ սիրած եմ։

Ներսես գրկեց յուր փոքրիկ քույրն և համբուրեց զայն մեծ գորովանոք առանց կարենալ պատասխանելու։

— Եղբա՛յրս, խոստացիր խնդրածս։

— Կը խոստանամ,— ըսավ երիտասարդը, հազիվ իմանալի եղանակավ՝ այնչափ մեծ էր յուր հուզումը։

Նույն միջոցին ներս մտավ նաև տիկին Աբգարյան որ ի նշան սգո յուր սենեկին մեջ փակված էր։

Օրհասական աղջիկն տեսնելով զմայրն, ըսավ.

— Մա՛յր, տուր ինձ համբուրել քու ձեռքդ, զի վերջին մնաս բարյավն է այս։

Տիկինը մոտեցավ յուր որդվույն՝ համբուրեց ինքն ևս զնա, և պատճառելով յուր ջղաձգությունը՝ քաշվեցավ դարձյալ յուր սենեկին մեջ իբր թե անկարող ականատես լինելու որդվույն