Հիվանդ երիտասարդուհիդ համակրությունս գրավեց. աշխարհ շատ իսկ կը ներկայացն և այսպիսի բախտին զոհեր։ Առանց մոր դժբախտ տղան արտաքսյալ մ՚ է արեգակեն զրկված՝ որ տակավ առ տակավ կը նվաղի, կ՚անցնի և ցուրտ վեմ մի միայն կը հայտարարե յուր քայլեր երկրիս վրա։ Ոչինչ կը հավասարի մայրենի սիրույն․ մայրը կը սիրե անսահման անձնվիրությամբ. իրեն համար չկա զոհ, և կամ լավ ևս ըսեմ` կյանքը գոհելու շարունակություն մ՚է զորս ոչ կը նշմարե և ոչ իսկ կ՚զգա: Կը սիրե ոչ թե վարձատրվելու, այլ մի միայն սիրելու համար. և նույնիսկ որդիական ապերախտության հանդիպելով դարձյալ մայր կը մնա, այսինքն կը սիրե դարձյալ, կը նվիրե զոր ինչ ունի՝ սիրտն ու կյանքը։ Մայրենի զգացման մեծությունը կազմողը կատարյալ անշահասիրությունն է. և կը նկատեմ այդ զգացումը իբրև ճշմարտագույնը, վսեմագույնը և միմիայն հաստատը։
Մայրր մարդկության նախնական գիրքն է. ով որ չգիտեր սույն գրքին մեջ հեգել, անկարող պիտի ըլլա միշտ բնության մեծ գրքեն կարդալու, զի կույր մ՚է նա, զի մայր անունը սիրո անբավությունը կը պարունակե. և ով որ այդ բառը չ՚ըմբռներ, արարչության վսեմագույն վանկեն զրկված կը մնա։ Չգիտեմ թե արդյոք մայրենի սիրույն անբավությունը զավակաց ապերախտությունը չի՞ պատճառեր շատ անգամ։ Որովհետև մարդկային բնությունը ամեն բանի վարժելով` մեծագույն զոհերն անգամ յուր վրա ազդեցություն չեն ըներ. այնչափ կը կարծե յուր սեփական իրավունքը վայելել։ Բայց երբ այդ կարծեցյալ իրավունքեն կը զրկվի, այն Ժամանակ միայն կը ճանաչե անոր հարգն և կզգա անդարմանելի կորուստը։ Որբը ջերմ կլիմաներու տունկն է որ ցուրտ երկիր մի փոխադրվելով յուր պայծառ երկնից ջերմութենեն կը զրկվի, ցուրտ քամիեն կ՚ոսնի, կը դալկանա, կը թարշամի յուր բույրը չարձակած. հեգ ծաղիկ:
51