ճիչ մ՛արձակելով որ անպատասխան կը մնա»։ Աշնահար և չոր տերևը ծառեն յուր վրա անկավ․ առավ զայն, նայեցավ և ըսավ կերկերաձայն. «Խե՛ղճ դու տերևիկ, նույն բախտն ունինք․ կենաց ծառը զիս ևս ընդհուպ գետնամած պիտի թողու. ոչ թռչուն մի հովանվույդ ներքև պիտի պատսպարի, և ոչ սիրտ մի սրտիս ներքև պիտի հովանավորի։ Դժբա՛խտ տերևիկ, դու քույր ես զի քեզ նման փոս մի պիտի ունենամ իբրև տիեզերք»։ Այս խոսքերը զինքն ուժաթափ ըրին․ տարինք զինքն յուր խուցն ուսկից ոչ ևս կենդանի դուրս պիտի ելներ։
Վերջին օրը Հուլիանես հեռացուցի յուր սիրելիեն, ուզելով խնայել յուր փափուկ սրտին։ Չէր կարծեր թե մահն այնչափ մերձ էր, և կը հուսար տակավին երբ ամենայն հույս կորսված էր, զի երիտասարդությունը հուսալից երազներով կը սնանի միշտ։
Նվաղեցավ Հրանույշ տակավ առ տակավ, կարծես թե հրեշտակ մ՝էր որ թևերն վայրիկ մի կամփոփեր ետքը յուր թռիչքն առնելու համար դեպ երկինք։ Բայց մշտատև կերպիվ աչքերը գոցելեն հառաջ ձեռքս բռնեց, համբուրեց մատանիս և ըսավ «Թո՛ղ այս սրբանվեր ըլլա քեզ. ավա՜ղ, ոչ ևս պիտի տեսնեմ Հուլիանես»։ Հրաժեշտի ողջույնը տվավ հորն որ կարծես թե վերջապես զգածված կերևար մահվան տեսաբանեն՝ երբ մինչև նույն օրը ցուրտ անտարբերություն մի կը հայտներ, եթե ի բաց առնվի յուր քանի մ՚անգամ ցույց տված շինծու խանդաղատանքն։ Այս սրտաճմլիկ պատկերին առջև արտասվացս հեղեղը չի կարենալով արգիլել՝ թողուցի սենյակը. բայց երբ վերադարձա հոն՝ Հրանույշ ոչ ևս էր։ Ծնրադրեցի յուր անկողնույն առջև, և հոգիս դառնապես լացավ․ յուր ցրտահար ձեռքը համբուրելեն վերջը մատանիս ուզեցի առնել, բայց գողցված էր յուր մատեն։ Հիմարացած, հուսահատ, կարծես թե մահն էի մահվան հանդեպ․ կը թախանձեի, խոստումներ կ'ընեի մատանիս գտնելու համար, բայց իզուր․ անհայտ եղած Էր առանց և ոչ մեկու ուշադրությունը գրավելու։
Ինչ՞ պիտի ըսեմ Տիգրանին, ինչ՞ բացատրություն պիտի տամ մատանվույս կորստյան վրայոք։ Ըսի քեզ արդեն թե նախապաշարյալ միտք մ՚ունի մահվան նկատմամբ, և երբեք