Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/83

Այս էջը սրբագրված է

հառաչեն։ Ոչ հառաչանքով, և ոչ արտասվոք սիրտս կը գրավվի. զոհ կը պահանջեմ. և ով որ զոհվելու պատրաստ է, ապահով կրնա ըլլալ հոգվույս վրա իշխելու։


Պետրոս Թ. … առ Հերիգա

Զքեզ պաշտելն սրտիս օրենքն եղած է, և քեզ ծառայելը միակ փառքս, հրամայե՚ ուրեմն, ի՜նչ է ուզած ծառայությունդ, ինչու՞ զոհի խոսք կընես, սիրով տոչորող սիրտը կը ճանաչե՞ զայն արդյոք․ թե կյանքս անգամ ուզես կը նվիրեմ քեզ, միայն թե պաշտելի բերանդ այդ հրամանը տա ինձ։ Դու թագուհի ես, և ես քու գերիդ․ ինչ՞ է կամքդ, խոսե՛ և մատուցած ծառայությանցս մեծության հավասարին վարձատրությունքս։ Լո՛ւր ինձ, Հերի՛գա։ Քառասուներեք տարեկան եմ, կյանքը վայելեցի այն ամեն հաճույքներով որ հարստությունը կրնա ընծայել։ Մինչդեռ քսանևչորս տարեկան էի, ամուսնացա․ կինս գեղեցկության և առաքինության տիպար մ'էր․ զինքը գերիս ըրի և թողուցի որ զիս պաշտե։ Ցուր նկատմամբ ունեցած անտարբերությունս զինքը չարաչար կը վշտացներ, ու ճոխությամբ և հարստությամբ կուզեի փոխարինել ինչ որ կը զլանայի իբրև սեր․ սակայն այս փոխարինությունը չէր գոհացներ զինքը։ Միակ զավակս էր Հրանույշ․ հուսացի թե կինս մխիթարություն կրնար գտնալ մայրենի սրտին մեջ, հոն ամփոփելով զգացմանցը բոլոր սաստկությունը և կուրախանայի, զի յուր սերը տաղտուկ կը պատճառեր ինձ․ բայց օր ավուր կը նվաղեր նա, և օր մի անկողին մտավ վերջնական կերպիվ․ ասոնք եղան յուր վերջին խոսքերը․ «Նվիրե՛ զավակիդ այն սերը զոր մերժեցիր ինձ»։

Հրանույշ որբ մնաց, օտար ձեռքեր խնամեցին յուր ման* կությունը տանս մեջ․ բայց նա բնավ նեղություն չէր պատճառեր ինձ քանի որ ազատ կապրեի իբրև ամուրի մի։

Երիտասարդ էի և հարուստ․ շատերն հառաչեցին ինձ համար, շատերն փափագեցան ընկերական վիճակիս մասնակցիլ, բայց անոնց և ոչ մին սրտիս ճամփան գիտցավ գտնել։ Կարծես

61