ինձ թե բազմության մեջ էի։ Բայց երբ սթափեցա վերստին իբր թե երազե մը արթննալով, տեսա որ Հերիգան կը դիտեր զիս այնպիսի վայրագ աչոք, որ կարծես թե որսն էի զոր կը պատրաստվեր անգթությամբ հոշոտելու։ Եվ սակայն այս կինը մարգարիտներով և ադամանդներով շքեղապես զարդարված էր, և այնպիսի տարօրինակ գեղով կը փայլեր, որ շուրջը գտնվող բոլոր ծաղկահաս գեղանիներն անողորմաբար կը նսեմացներ․ կրնար ըսվիլ թե անոնք յուր հրապույրներուն առավելությունն երևան հանելու պաշտոնն ունեին։
Բայց երբ նա սկսավ վալսել ի ձայն նվագարանաց պարին արագությամբն արբշիռ, այնպես սրարշավ կընթանար որ կարծես թե վերանալով կր թևարկեր․ սակայն երբ երաժշտական վերջին ձայնը հնչեց, և երբ գեղեցիկ կուրծքին ելևէջն յուր զգացած հեշտությունը կը հայտարարեր, թերևս ենթադրեիր թե կը ցավեր այդ հեշտության կարճատևության վրա։ Երբ Հերիգան կը պարե, թվի երկնային երևույթ մի մարդկանց միտքն ու սիրտը մոլորեցնելու համար։ Երբ կը քայլե, կը կարծվի թե բռնավոր թագուհի, կամ լավ ևս ըսեմ, չար ոգի մ'է մարդիկ ի կորուստ մատնելու համար։ Ամեն անցած տեղերեն հափշտակության արձագանք մի կը լսվեր․ կը ճանաչեր նա յուր արժեքը, և ապահով էր գործած մեծ ազդեցության վրա։ Չկա բան որ այնչափ ապահովություն ազդե կնոջ մի որչափ գեղեցիկ ըլլալու գիտակցությունը․ զի գեղեցկությունն անդիմադրելի զորություն մ'է որուն աոջև մեծն, իմաստունը, բռնավորն, ամեն մարդ վերջապես փառավորվելով կը խոնարհի։
Հերիգային հիացում ազդելու սովորությունն այնչափ մեծ է, որ Տիգրանա անտարբերությունն անմարսելի Է իրեն։ Որչափ կնոջ մի պաշտվելու վարժությունը մեծ ըլլա, նույնչափ դժվարությամբ կը ներե զինքը պարտության մատնողին․ հետևապես ոչ Տիգրանին կը ներե և ոչ ալ ինձ, անոր կողմանե ինձ հայտնված համակրանացն համար։
Հարսանյաց գիշերն ինձ ուղղած հայեցվածքն այնչափ անհուն չարությամբ լի Էր, որ չգիտեմ ինչու՞ ահ կազդե ինձ, թեև ամեն ջանք կընեմ արհամարհելու զայն։ Ի՞նչ հարաբերություն