Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/94

Այս էջը սրբագրված է

այնչափ զանազան հուզմունքներե, վշտերե, տխրախառն ուրախություններե։ Հուլիանես յուր անդուլ խնամոքն, որդիական սիրույն սփոփանքը նվիրեց ինձ։ Իսկ Հերիգան մեկ քանի անգամ այցելության եկավ ինձ՝ գուցե Տիգրանա գործերուն ձախորդ վիճակն իմացնելու համար։ Հետաքրքրությամբ դեմքս կը դիտեր դառնության հետքը նշմարելու մտոք անշուշտ․ բայց ո՜րչափ ի դերև կելնեին յուր հույսերն։ Վիրավորել ուզող ձեռքը կը դարմաներ, թշնամին հանգիստ բարեկամի դեր կը խաղար. և Հերիգան որ երբեք սիրելի չէր եղած ինձ, պաշտելի արարած մի թվեցավ աչացս։ Անհնարին մտատանջությանցս մեջ մխիթարություն մի զգացի ենթադրելով թե՝ Տիգրան յուր ըրած կորուստները չիմացնելու և զիս չվշտացնելու բաղձանքով լռություն պահած էր։ Տիգրանա ըրած կորուստը Լևոն ևս հաստատեց, թեև կորուստն մեծ չէ ըստ ինքյան, ըսավ։ Բայց Տիգրան չգիտեր գուցե թե ինձ համար միակ աղետքը յուր սրտին կորուստն է։ Կը փափագեի ընդհակառակն, որ մեծ ըլլար յուր ձախորդությունն որպեսզի ապացուցանեի իրեն զգացմանցս անշահասիրությունը՝ զինքն աղքատ սիրելով, ինչպես սիրեցի հարուստ, և անձս իրեն նվիրելով օգնեի, մխիթարեի, և փոխանակ սին բառերու՝ գործքով սերս իրեն հայտնեի։ Սիրո մեջ երբեք անձնվիրության ապացույցներն ավելորդ չեն համարվիր, զի ամեն անգամ թվի թե առաջինն է որ կը տրվի. և երբ սիրտը նոր ապացույց տալե կը դադրի, սիրելե ալ դադրած կը համարվի։

Առաջին շոգենավով կը մեկնիմ Փարիզ երթալու, և ուղղակի Տիգրանին դիմելու համար։ Ո՜րչափ Ժամանակը համրաքայլ կ'ընթանա․ ժամանակը երջանիկ սրտերուն վրայեն սանձարձակ կը սուրա կ'անցնի․ իսկ անհամբեր և վշտալիցներու առջևեն՝ դանդաղ դանդաղ կը սողա, և մեն մի շարժումը համրել կուտա։ Երջանկությունը շունչ մ'է որ անմիջապես կը շոգիանա։ Անհամբերությունն հող մ'է որ ոտից ներքև միշտ փլչելով քայլից արագությունը կարգիլե․ մինչ վիշտը ճահիճ մ'է որ ժանտահոտությամբն հողին կը թունավորե։ Ասոնց երեքն ալ շատ իսկ ճանչցա։

72