Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/98

Այս էջը սրբագրված է

տալու յուր նորապսակ հարսն ընդունելու համար. ի հաստատություն զրույցիս ահա յուր նամակը, տիկին, ըսելով, զայն ինձ հանձնեց․ ճանաչեցի Տիգրանա գիրը, տարակուսելու տեղի չէր մնար, ավա՜ղ։

Հեռացա այս տունեն. սկսա քայլել առանց գիտնալու թե ո՜ր կ'երթայի, ի՜նչ կ'ընեի, և ի՜նչ պիտի ընեի. մտածություն և զգացում մեռած էին հիս։ Հանկարծ զգացի թե կը նվաղեի․ բայց դուռ մի տեսա, ներս մտա, և ետքը չգիտեմ ի՛նչ պատահեցավ։ Երբ սթափեցա, տեսա որ գեղեցիկ սենեկի մեջ էի, թե կին մի կը հսկեր վրաս, և թե ազնվադեմ մարդ մի քանի մի քայլ հեռու կեցած էր։ Ո՞ւր էի, որո՞նք էին այս երկու անձինք որք կը համակրեին ինձ։ Տիկի՛ն, ըսավ. ազնիվ մարդն աղու ձայնիվ, ապահով եղե՛ք, և համարեցեք թե ձեր տանը մեջն եք։ Դեռ քանի մ'օր պետք է լռությամբ և հանդարտությամբ անցընենք. այս է բժշկին պատվերն. ուստի բնավ ձեր մտքեն չանցընեք անկողինը թողուլ։ Հայտնեցեք միայն թե ձեր ազգականներն որոնք են, որպեսզի անոնց իմաց տրվելով ձեր քովը գան։ Անկարող խոսելու նշան ըրի միայն թե չունեի, և հազիվ տկար ձայնիվ կարողացա իմացնել թե օտարական մ'եմ։

Կերևա թե քսան օրվան չափ մահվան և կենաց մեջ ապրեցա այս պատվական անձին պաշտպանության ներքև, և վարձկան կնոջ մի խնամատարությամբը։ Հետզհետե կազդուրվելով աչքերս սիրով բարերարիս կը նայեին․ կարծես թե նա մոր մի գուրգուրանոք կը գորովեր վրաս։ Օր մի զվարթ դիմոք մոտեցավ ինձ, ձեռքս բռնեց և անունս հարցուց։ Մայտա, պատասխանեցի։ Ինչ գեղեցիկ անուն, ըսավ ժպտելով. բայց տակավին պետք չէ որ խոսիք, շարահարեց քաղցրությամբ։

ճարտար բժշկի առաջնորդությամբ և պաշտպանիս հոգատարությամբն ի կյանս կը վերադառնայի, ուժ կառնեի վերստին։ Ո՛հ, երանի՜ թե մահվան թմբիրեն չսթափեի քանի որ ցավերուս հիշատակը վերստին պիտի արթննար․․․․ Վերջապես երբ կարողացա խոսիլ, օրհնեցի բերնովս իմ բարերարս, ինչպես արդեն օրհնած էի նայվածքովս։ Իմացուցեք ինձ ո՛վ ըլլալնիդ, ըսի, որպեսզի լեզուս օրհնե ձեր անունն և ծնողքդ

76