Այս էջը հաստատված է

խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց, հասարակությունը ցրվեց։ Բայց ոչ. մոռացա մի հանգամանք ևս։ Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ —Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից ևս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միևնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, գեներալ—պրոֆեսոր Այսինչ—Այսինչը կարդալու է դասախոսություն «Նաիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել և հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ—գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը։

Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ։

Պ. Մարուքեն և Կարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները«, ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը —դպրոցի տեսուչը։ «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները։ «Խուփը գլորվել —գտել էր պուտուկը»,— ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան —Խաչագողը։ Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր —վերջին հորջորջումը պատկանում էր իրան՝ վարսավիր Վասիլին,— իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը —«Մոսկովներում փչացած անասունը»։ Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս և որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի։ Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսում —ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին գեներալ Ալոշից սկսած մինչ վարսավիր Վասիլը։ Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ.—աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞»—ո՞վ իմանար։ Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները։ Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան։ Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին։ Օրինակ,