և բոլոր քաղաքներում,— և հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք ևս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)—մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ. պակասում էին, թերևս, Մեռելի Ենոքը և Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ, դե, երևի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առևտրով —վակզալի մեյդանում։
Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սևաչյա Պրիմադոննան և Մազութի Համոն... Մինչև նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն և դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ ինչու, նորից անհետացավ...
Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց։ Բեմը դատարկ էր՝ ոչ ոք չկար։ Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը —նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն։ Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երևացին՝ Մազութի Համոն — Գեներալ — պրոֆեսորի թևը բռնած... «Ահ», հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե բերդը պայթեց... Չտեսնված, այո, աներևակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալ —պրոֆեսորը և Մազութի Համոն։ Եվ ահա—թռավ, Գեներալ — պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սևաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով. վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն և, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրին։—Այսպիսի՛ ահա չտեսնված մի փառքի արժանացավ Գեներալ — պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած։ Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով, պատասխանում էր Գեներալ — պրոֆեսորը խորապես հուզված։ Գեներալ — պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո —մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին աչքը, ծուռ,