դեպի նստարանների առաջին շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թևը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թևին։ «Ծընգ—ծընգ—ծընգ», — հնչեց Մազութի Համոյի —նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց։ Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին և հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար։ Դեպքը կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ — պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց և այնպես թեր և դեմ զրույցներին բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո։ Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց և մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանց —Կարո Դարայանը և պ. Մարուքեն։ Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց հետևից անծանոթ մի անձնավորություն և առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին և Կարո Դարայանին «մի վայրկյանով հետևել իրեն՝ դուրս գալ դահլիճից»։ Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետևեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը և պ. Մարուքեն —դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո ևս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը և,—մինչ արդեն, ոգևորված, նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ — պրոֆեսորը,—թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետևում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա հետևից Կարո Դարայանը և պ. Մարուքեն։ Գնում էին —այո՛, այդ նրանք
Էջ:Երկիր Նաիրի.djvu/108
Այս էջը հաստատված է