բայց և այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն և պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից։ Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչև առավոտ, մինչև նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան։ Այլ... քա՛հ-քա՛հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն և Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»— և ապա, արագ-արագ սկսեց խոսել... «Ընկերության» մասին։
«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել։ Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում։ Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին —բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ։ Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը —Մազութի Համոն։ Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ։ Անձամբ եղել էր կենտրոնում և նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն —նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին։ Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա —«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը։ Իսկ, որ ամենագլխավորն է —շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ։ Պարզել էր —Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»։ Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում —«ազդեցիկ անունները»։ Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը —փափախավոր