մարդիկ․ ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ։ «Իսկ մե՞նք,— հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.— ինչո՞ւ չենք աշխատում...»։ Պ. Մարուքեն և Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում։ Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից — հեգնախառն ժպիտ։ Օր. Սաթոն, դե, ոգևորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը։
«Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,— հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.— որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում։
Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ։
Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերևս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան — Խաչագողը։ Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու և Վարդանի կամուրջի մեջ։ Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.— նրանք իմացել են կապել հոգևորն ու մարմնավորը, սուրը և խաչը, կրոնն ու ռազմական կորովը։ Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա — հազարամյա Նաիրին։ Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը — ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան — Խաչագողը։ Բայց հի՛շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի և Սահակ Պարթևի պայծառ անունները — թող խրատվի, ոգևորվի և գոտեպնդվի։ Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի և հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի։ Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը։ Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության