Այս էջը հաստատված է

զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին։ Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը։ Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը և հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց։ Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը։

—Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետև դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները և ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն։—Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա— Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո՛չ մեկը մի սև «խաչհամբույր» գցած չուներ դեռևս ս. Աստվածածնի գանձատուփը։—Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» և նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի։ Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, —ես կասեի՝ ո՛չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը —կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը։ Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,— մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը։ Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաև այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի