Այս էջը հաստատված է

կողմից, անշուշտ, հետևանք լինելով տեր Հուսիկ քահանա—Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաև նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր—վաղը, միևնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»— սոխականից։ Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»։

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,—ընկ. Վառոդյանը և Մազութի Համոն։ Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց և այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»։ Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում։

Եվ ահա — «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, Գեներալ Ալոշի և —երևակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին։ Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երևացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու և այլն —խանութները և ոչինչ, դժգոհ չմնացին։ Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին —մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի։ Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին —դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առևտրով —սապոն, և այսպես շարունակ.—տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը։ Բայց և այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն —պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո —«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետև տվել էր —մենք քանակը չշեշտեցինք —տասներկու