Այս էջը հաստատված է

—Հայտնի Անունը,—երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը և Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա... ընկ. Վառոդյանի հետ,—հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի — այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը և Գեներալ Ալոշը —էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի —Կլուբի Մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները —հախուռն «ուռա»-ների ձայնը մինչև քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,—ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ։ Հետո դուրս եկավ խումբը և խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ։ Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը։ «Բարի գալուստ,—այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.— Դուք տեղ ունեք մեր գլխներին»։ Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.—«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. և, Վարդանանց տոնի, ԾննդյանևՀարության տոների նման տոնե՛ պիտի այդ օրը ապագա Նաիրին։ Տոնե պիտի ազա՜տ և անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... Գնացե՛ք,—վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.—մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.—գնացե՛ք, մեր քա՛ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.—գնացե՛ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք —ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»։ Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն և, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,—ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.—համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին և, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»։