Այս էջը հաստատված է

Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն։ Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի և Քոռ Արութի, աչքերին երևացին խնդության արցունքները։ Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին։ «Բայց,—ասաց խմբապետը վերջում,—եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին —այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը ևս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»։

Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը և լռեցին կեցցե՛ները —«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,—կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.—«որովհետև նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»։ Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» —բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում —ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին։

«Կեցցե՛ թագավոր կայսրը»,—կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարևոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում —բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով։ Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց —հանդեսը վերջացավ։ Խմբապետը, Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը և Գեներալ Ալոշը —երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը և մյուսները մնացած կառքերում —զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք։

Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր ևս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգևորության։

Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները։ Այս անգամ