Այս էջը հաստատված է

Մասն երրորդ և վերջին

ԵՐԿԻՐԸ ՆԱԻՐԻ
Միթե սա՞ է երկիրը Նաիրի...
Ե. Զ. «Շոգեգալուստ»

Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարևորագույն մասին — և այստեղ է ահա, սիրելի ընթերցո՜ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի։ Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդության... Եվ ճիշտ որ, — ո՞րն է այդ Նաիրին։ Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, և մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում — «նաիրցիներ»։ Մի՞թե կարող էր «ուղեղային մորմոքը» կերպավորվել և իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո՜ղ, միս և մարմին ստանալ «սրտի հիվանդությունը» — և քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո՛չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, Գեներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում– որպես մի Համո Համբարձումովիչ-Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն– չէ՛ր կարող։ Զառանցանք չէ՛ր այդ քաղաքը, և ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք. և, այո՛, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», և ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը — «նաիրյան» մի քաղաք։ Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, «սիրելի ընթերցո՜ղ, որ մոտեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին ևս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր վասիլը, եթե այս գրությունս կարդար։ Այո՛։