Այս էջը հաստատված է

Ի՞նչ «Նաիրի»։ Եվ ամենից առաջ, ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը, ի՞նչ է նա նշանակում։

Սիրելի ընթերցո՛ղ: Ես չեմ հնարել այդ անունը և պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում։ Գուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա։ Գուցե նշանակում է «անքաշ պանիր» — աստված ինքը գիտե։ Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում։ Չգիտեմ։ Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»։ «Նաիրին» Նաիրի է — պրծավ գնաց։ Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկու անուն է, ինչպես Սողոմոնի — մարդու և.. Եվ նորից — խոչընդոտ, սիրելի ընթերցող։ — Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը — կարող ես հարցնել դու հիմա, — և ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած։ Շվարած ո՛չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական և աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով — այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենք — Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո՛չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով և այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող։ Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում։ Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին — «և կա, և չկա»։ կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյաը այդ երկրում մի շարք այսպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,— ո՛րը թվեմ։ Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել։ Եվ, միևնույն ժամանակ, չկա, որովհետև.. եթե նա լիներ — ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի» — այսինքն կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր և ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա։ Փորձեցե՛ք մի նամակ գրել և հասցեագրել այսպես՝

«Երկիր Նաիրի — Գեներալ Ալոշին» — տեսեք ո՞ւր կհասնի։ — Կարծո՞ւմ եք մեր նկարագրած քաղա՞քը։ Սխալվո՛ւմ եք։ Ուրեմն ճանապարհի՞ն կմնա։ — Երևակայեցեք, որ