ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք — քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը»— և մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել։ Եվ դո՛ւ, ընթերցո՛ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր»։— Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո՛ղ, և չէի էլ կարող մտածել։ Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից ևեթ, խոսել եմ այդ քաղաքի և նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,— ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո՛ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է և քեզ, միևնույն է՝ ապրել ես դու թե ոչ մեր նկարագրած քաղաքում. խաբել է, մշուշ է փռել աչքերիդ— չես իմացել։ Այո՛, ընթերցո՛ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք— և կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրային— քանի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի և տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը— Մազութի Համոն։ Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»— և ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա՛ն, այսինքն՝ ո՛չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո՛, պարտական նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ— և առանց նրա, այսինքն՝ ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլև ամբողջապես հենց ինքը— երկիրը Նաիրի։ Չե՞ս հավատում։ Նայի՛ր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը. ո՞ւր են նրա բնակիչները։ Ո՞ւր են Մեռելի Ենոքը և Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը և Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու հիշատակ։ Ինչո՞ւ։— Որովհետև չկան, այլևս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.— չկա. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու հիշատակ։
Էջ:Երկիր Նաիրի.djvu/125
Այս էջը հաստատված է