Այս էջը հաստատված է

գտնում· օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. օրորվում էր, ելևէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում.— Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման հեռուներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմը— երկիրը Նաիրի։ Մտածում էր՝ «Ո՞րն է Նաիրին»,— ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա— ո՞ւր, որտե՞ղ սակայն— ո՞ր ափերում... կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում— քաղաքներ ու ոստաններ. ելնում էին Վանը, Բիթլիսը, Մուշը, Էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը— վեց վիլայեթ։ Նաիրին էր. հին ու հազարամյա. հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում։ Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ. մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.— Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում— մի խոշորագույն հանգամանք— եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն։ Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը, Նասր-Էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա Նասր-Էդդինի նման Համո Համբարձումովիչը մոռացել էր կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ— իր նստած երկարականջ քեռուն, այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը— մոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում։ Գուցե և չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. և այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,— այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո՛չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն— այլև ամբողջ սահմանի այս կողմը. պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից։ Եվ Համո Համբարձումովիչը—ոչի՛նչ. չէր անհանգստանում։ Չնայած, հասկանո՞ւմ եք, Բերդին,