այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն։ Կտրվել էին կարծես օրերն ու տարիները. հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում. այդ օրն ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ— բաց տարածություն։ Բայց այդ տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել. կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ. տեսնում էր.—
— Թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ-քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում ևս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜կ-փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան։ Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ։— «Չե՞ս ճանաչում»,—հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց-նայեց— ու վեր թռավ տեղից. երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան— իր անզուգական դուստրը՝ Սևաչյա Պրիմադոննան. նայում էր աչքերին։ Աչքերում— մշուշ էր անգո՝ բաց տարածություն։— «Ի՞նչ կա»,— հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սևաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը։ Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը. գնաց։ Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը։ Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը։
Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում— աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաև բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և դպրոցի տեսուչը—Արամ Անտոնիչը։ Բայց մենք, այդ առթիվ ստույգ