Այս էջը հաստատված է

տեղեկություններ չունենալով, հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք— բաց տարածություն. թող լցնի, ում երևակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը։ Մենք ենթադրություններ չենք ուզում անել։ Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի և Համո Համբարձումովիչի զրույցին.— էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը և բժիշկը.— ահա՛ հարցը։— Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին— երևակայո՞ւմ եք— «մութ տեղի» հետ, այսինքն՝ Հինգհարկանի Շենքի ներքևի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա—ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից— թողել էր... հետաքրքիր հետքեր։ Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի— երևակայո՞ւմ եք— ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց և զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած— ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհըրդավոր.— բայց այդ մասին հետո։

Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին— զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները։ Սարսափած՝ խանութներն իրար հետևից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որևէ մեկին. գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.— իրենց գործը չէր։ Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահավատ