ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր։ Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց։ Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջևը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին։ «Ո՞ւր է աղադ»,— հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.— «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»,— պատասխանեց կառապանը. շուռ տվեց կառքը. գնաց։
Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե՛ զարմանք, թե՛ անսպասելի ուրախություն և թե՛ խորին ակնածանք,— հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը—Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին և ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.— «ը՜ս՜ս՜ս՜»,— մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա՛վաշ, հերիֆ, ներսը մարթ կա...»։ «Վո՞վ կա»,— չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց,— դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած։ Հյուրասենյակում նստած էին— երևակայո՞ւմ եք— Համո Համբարձումովիչը, բժիշկը և,— Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,— քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»,— ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի և բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի և քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը։ «Է՛, էրթա՛նք, էրթա՛նք մեյմեկ թաս օղի առնենք»,— ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ։ Ու մտան ճաշասենյակ։
Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն։ Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»։ Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի