Այս էջը հաստատված է

դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը հարևան սենյակում— Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ և չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար, և պիտի իմանար նաև այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը։ Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը— Քաղաքային Խորհրդի նախագահ...

Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ շաբաթվա ընթացքում։ Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով— և դժվար թե որևէ մեկին երբևիցե հաջողվի վեր հանել այդ քողը և նայել կատարված դեպքերի իսկական աստառին։ Այնպես որ, այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք։— Անցնենք այդ դեպքերին։

Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն— այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո՛չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլև փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ և նաիրատառ հայտարարություններ։ Եվ, կարևորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ, սոխերի ստորագրությանց, կային և երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլև շատ ավելի պատկառելի մարդկանց.— Կարո Դարայանի և պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից ևեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել։ Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի ևս խորացավ