մոտիկ, եթե ոչ—հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, և նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը։ Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն՝ Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի և այլոց, ազատ է արձակել, երևակայո՞ւմ եք— գավառապետին, ոստիկանապետին և «Մութ Տեղի» գըլխավոր վարիչին— ահա՛ թե ինչ։ Եվ մի՞թե այդ միևնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն ևս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է— հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում։— Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, և այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն՝ քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը և վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը։— Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի և ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը և քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են և վերստին փակված բանտում։ Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված և փակված էին, բայց— «Ո՞ր բանտում»,— հարցնում էր օր. Սաթոն խորամանկ։ Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում»։— Լավ, լինի զի՛նվորական, ի՞նչ տարբերություն,—
Էջ:Երկիր Նաիրի.djvu/149
Այս էջը սրբագրված է