ժամանակ կորցրել է իր ընտանիքը և մերկ, բոբիկ հասել է այդ քաղաքը և բախտի բերումով բնակություն գտել եկեղեցուն մոտիկ այդ խարխուլ տնակում։ Ապրել է Մշեցի Թաթոն այդ խարխուլ տնակում մի քանի տարի. ոչինչ չի նկատել։ Եվ ահա մի օր շուկայում հանդիպում է նա իր հայրենակիցներից մեկին. նոր է եկած լինում հեռու հայրենիքից։ Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ։ Եվ պատմությունը նույնն է լինում՝ կոտորած, կոտորած, կոտորած։ — Բռնաբարված կին, կորած երեխաներ։ Ու փախուստ — օտարություն, մուրացկանի վիճակ։ Լսում է Մշեցի Թաթոն և հիշում է իրը. հիշում է կնոջը, երեխաներին։ Մտնում են միասին գինետուն և սկսում են խմել — դառն, արնահամ, Նաիրյան օղի։ Եվ ահա Թաթոն սկսում է պատմել ընկերոջը քաղաքի մասին. դուրս են գալիս օրորվելով. տեսնում են Բերդը, Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին։ Ասում է ընկերը՝ օրը կգա և նորից կելնե, կհառնե մշուշից — Նաիրյան ոգին։ Հաղթ, հաստատ, կիջնի թշնամու գլխին — երկաթե վրեժ։ Այսպես զրուցելով գալիս են Թաթոյի տնակը. պառկում են քնելու։Եվ ահա կեսգիշերին թվում է Թաթոյին՝ մեկը, անուշ ձայնով, կանչում է իրեն։ Ներքևից, տան ներքնահարկից, կանչում է մեկը, ծանոթ, կանչում է վար։ Ելնում է վեր և ասում է ընկերոջը՝ արի։ Եվ նրանք միասին վերցնում են ճրագը՝ իջնում են վար։ Իջնում են ներքնատուն։ Խոնավ, գաղջ օդով լցված, զարհուրելի։ Մի վայրկյան մնում են շվարած. պարզ, լսելի՝ կանչում է տխուր մի ձայն հատակից, ներքևից։ Աչքերը գետնին են հառում — տեսնում են՝ գետնի մեջ, ծանր, թաղվել է մի ջրաղացքար։ Մտածում են՝ դուռ է։ Դնում է Թաթոն ոտքը ջրաղացքարի վրա. շարժվում է։ Կռանում, բարձրացնում են քարը — բացվում է նրանց առաջ մի մութ ներքնահարկ։ Մութ, խոնավ՝ փչում է դեմքերին թավ, խոնավ մի քամի։ Նայում են ճրագով — աստիճաններ։ Վերցնում են ճրագը և իջնում են վար։ Ահա վերջանում են աստիճանները, և դեմը խավար մի անցք տանում է — ո՞ւր։ Գնում են անցքով — գալիս, գալիս — լայնանում է անցքը։ Եվ ահա նորից — աստիճաններ։ Ելնում են վեր — և դուրս են գալիս հանկարծ... Կանգնած են Առաքելոց եկեղեցում: Բեմը, խորանը ահա. վարագույրն ահա — մութ-կապույտ վարագույր՝ վրան ոսկե մի խաչ։ Ավազանը ահա, որտեղ երեխաներ են «կնքում»... Մնում են շվարած։ Մոտենում են դռներին, ուզում են դուրս ելնել — փակ է։ Զարհուրած փախչում են ետ։ Միևնույն անցքերով քայլում, քայլում են երկար, և ահա նորից — աստիճաններ։
Էջ:Երկիր Նաիրի.djvu/15
Այս էջը հաստատված է