Այս էջը սրբագրված է

վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից և պատմում էր մյուսին— ահա և ամբողջը։— Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը։ Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցո՛ղ, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին։ Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (և այս հանգամանքը մինչև վերջն էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրեն— Մազութի Համոյին,— ընկել օր. Սաթոյի ձեռքը. նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը։ Գուցե՞ օր. Սաթոն հենց ի՛նքն էր հնարել այդ միֆական նամակը և իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն— լեզվին... Ո՞վ իմանա։ Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից— օր. Սաթոյից, և թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին—

Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից և հասցեագրված էր Համո Համբարձումովիչ Ասատուրովին։ Նամակի հեղինակն էր— (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից, ու ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)— վերստին ձերբակալված գավառապետը։ Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան։ Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն։ Օր. Սաթոն ևս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը— դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն, թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան»,— ինչպես ասում էր օր. Սաթոն։ Բայց անցնենք նամակին։ Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, և ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը և ցանցառ մորուքը։ Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի Թավատառ տեքստ