Այս էջը սրբագրված է

խոսքերից և, թերևս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները։ Հիշում եմ այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով։ Նամակի առաջին իսկ խոսքերից երևում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները։— Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ հենց սկսվում էր գավառապետի նամակը. նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին. նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի՛ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից։ Այո՛, ինչո՞ւ նապաստակներ, և ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին։ Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացին մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում և մնացին այնտեղ— և, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ— ընդմիշտ ու հավիտյան։

Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի և նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը և, նորից տրտունջի դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին։ Բայց այս չէ էականը և ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի և մանավանդ բժշկի — Սերգե Կասպարիչի մասին, այստե՛ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին և նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը և թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում— շնական շրթունքները։ «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ,—