ասվում էր այդ միֆական նամակում,— որ լիզում էիք իմ պնակները և բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս— և մի՞թե ձեր անզուգական դուստր Սևաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք,—ասվում էր ապա այդ միֆական նամակում,— որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեևին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,— ասվում էր նամակում,— որ Տեղական Կոմիտեի կնիքով և «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչևսկուն, որպեսզի վերջինս իսկույն ևեթ թողնի մեր քաղաքը և հեռանա սատանաների գիրկը— ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն՝ Մազութի Համոյի. Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ,— ասվում էր ապա այդ զարմանալի նամակում,— իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.— ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ— էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շըրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,— դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,— դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, և ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո՛ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք,— և իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»։ Այսպիսի՛ ահա չլսված ամբաստանություններ կային իրա— Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, և մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետևանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի։ Այո՛, ես չեմ էլ կասկածում,
Էջ:Երկիր Նաիրի.djvu/153
Այս էջը սրբագրված է