ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութ մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սևություն, հսկա մի քարակույտ. Վարդանի կամուրջն էր այդ, որ սևին էր տալիս մազութանման մշուշում։ Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ։ Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ կեղեքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երևաց փոքրի՜կ-փոքրի՜կ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ։ Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը, շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար, այդ ժամանակ մի վերջին անգամ ևս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց ւլարհուրելի սրտակեղեք ճիչը, վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը Սրնթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սևասև ուրվականը— և ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում։ Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը։ Եղբորս կողքին կպած՝ դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին— և ամբողջ գիշերը մինչև լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սևասև ուրվականը, որ այդ սևասև ուրվականին դիպչելով՝ սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը։ Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը և— օ՜, զարմանք և ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը. գետն իր ափերն էր մտել և հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած չորացնում էր իր թրջած կողերը ելնող արևի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որևէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից և անգամ,— օ՜, մանկական անմեղություն,— վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ոքչ մի հետք, իհարկե, չկար, և չէր էլ կարող - 145– 10 Երկիր Նաիրի
Էջ:Երկիր Նաիրի.djvu/159
Այս էջը սրբագրված է