Այս էջը հաստատված է

տիեզերքում ամեն մի կետ կարող է կենտրոն համարվել — ամենայն հեշտությամբ հերքվում է այս դեպքում, ինչպես և բոլոր նման դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական և ոչ թե աստղային համակարգություններին։ Այդ հինգհարկանի շենքն է, այո, քաղաքի կենտրոնը և միակ կենտրոնը — և նա, այդ քաղաքը, միևնույն ժամանակ ուրիշ ո՛չ մի կենտրոն չի կարող ունենալ։ Թող որքան կուզե ծխական դպրոցի ուսուցիչ ընկեր Վառոդյանը համոզե օրիորդներին, որ տիեզերքի նկատմամբ կենտրոն կարող է համարվել Բոչկա Նիկոլայի պանդոկը անգամ — թող ինչ ուզում է ընկ. Վառոդյանն ասե — մենք չենք փոխի մեր կարծիքը և հաստատ կպնդենք, որ հինգհարկանի այդ տունն է, այո, միակ կենտրոնը Նաիրյան այդ քաղաքի և ամբողջ գավառի և այնտեղից է, այո, որ ելնում են, էլեկտրական կապույտ կայծերի նման և տարածվում ամեն ուղղությամբ — վճիռներ ու ճակատագրեր։ Ընկ. Վառոդյանն այդ բանը, իհարկե, մեզանից լավ գիտե, բայց նա օրիորդներին հաճելի, հանդուգն, խիզախ երևալու համար սոփեստություններ է անում։ Եվ ինչպե՞ս կարող է ընկ. Վառոդյանն այդ չիմանալ, երբ իր կաշվի վրա է զգացել այդ ամենակարող կենտրոնի անմիջական ազդեցությունը։ Հարկավոր է ասել, որ «կաշվի վրա» դարձվածքը պետք է բառացի հասկանալ, ամենքին լավ հայտնի սրճարանատեր Տելեֆոն Սեթոն — նա, որ սրճարան ունի Լորիս-Մելիքյան կոչվող փողոցի վրա, — երդվում է Հիսուսի անունով, որ բաղնիքում պատահմամբ տեսել է ընկեր Վառոդյանի կռնակի վրա... հետաքրքիր հետքեր։ Որտե՞ղ, ասացեք խնդրեմ, եթե ոչ այդ ամենակարող կենտրոնում, կարող էր ընկ. Վառոդյանի կռնակն այդպիսի հետաքրքիր դրոշմներ ստանալ՝ կապո՛ւյտ-կապո՜ւյտ գծեր։ Իսկ եթե՝ ընկ. Վառոդյանն այդ էլ չի ընդունում և խորհրդավոր կերպով ակնարկում է իր «Ընկերության» անդամ լինելու հանգամանքը... դժվար է այդ դեպքում որևէ հակաճառություն անել ընկ. Վառոդյանին։ Նույնիսկ երեխաները գիտեն, որ «Ընկերությունը» կենտրոն է, մի ավելի ամենակարող և ահռելի կենտրոն, որ սուլթաններ, շահեր և կայսրեր պիտ տապալե — այդ անգո, ավելի լավ է ասել մաթեմատիկական այդ «Կենտրոնը»... Ասում ենք «մաթեմատիկական», որովհետև ընկ. Վառոդյանի ասելով՝ ի նկատի ունենալով այն միանգամայն անհերքելի հանգամանքը, որ հինգհարկանի «Կենտրոնը» կառուցված է վախի, բռնության, արյան ու թյուրիմացության վրա, — «Ընկերության»