Այս էջը հաստատված է

հանել են չորս կիսավառ դիակներ, ավելի ճիշտ՝ դիերի մնացորդներ։ Եղել են՝ բոլորին ծանոթ Ղարաբաղցի Նիկոլը, ուսուցիչ, — Մշեցի Մարգարը, սրճարանատեր, — Ռուս Աբրահամը, գաղտնի ոստիկանության պաշտոնյա, — և Վարդապետ Կարոն, — նա, որի մասին խոսելիս ընկ. Վառոդյանը միշտ ակնածանքով ասում է ընկեր Կարոն։ — Ահա՛ թե ինչո՞ւ է Ընկերությունը կենտրոն և նույնիսկ Գերկենտրոն, սիրելի ընթերցող։ Եվ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, բացի դրականից, այն հանգամանքը, որ հողե այդ խրճիթում պայթած դինամիտի ազդեցությունը կողմնակի կերպով արտահայտվել է ընկ. Վառոդյանի կռնակի վրա, որպես կապույտ գծերի նրբահյուս մի նկար։ Այն մյուս, սոխի գլխի չափ անգամ ընկ. Վառոդյանի աչքին նշանակություն չունեցող «Դառնության կենտրոնում» (ինչպես անվանում է ինքը ընկ. Վառոդյանը հինգհարկանի շենքը), — եղել է — հերոսական պայքար, անպարտ ընդվզում — մի կողմից (կարդա՛ ընկ. Վառոդյանի կողմից), — իսկ մյուս կողմից — բռնություն, մղձավանջ, դեղին ստրկություն։ Իջել է, իջել է, որպես կարմիր ամոթ, «շոմպուր» ընկ. Վառոդյանի կռնակին, — և նա ելել է վեր՝ զտված, կարծրացած, — որպես սրբած դաշույն ելել է դառնության, զազրանքի կենտրոնից, — հառնել է, հաղթական, Նաիրյան ըմբոստ ոգին... Այսպե՛ս է եղել։

Բայց մի բան դեռ մինչև օրս էլ ընկ. Վառոդյանը չի կարող մոռանալ և իրեն ներել, այն, որ այնտեղ, «Դառնության կենտրոնում», կամ — ինչպես ժողովուրդն է ակնածանքով ասում — «Մութ տեղը», — ինքը, ընկ. Վառոդյանը, ինչպես հեծից առաջ, նույնպես և, մանավանդ, ծեծի ընթացքում, երևակայո՞ւմ եք — զղջացել է երեխայաբար, որ ինքը խառնվել է, միանգամայն պատահական կերպով, այդ հիմար պատմությանը։ Եվ ի՞նչ է արել վերջ ի վերջո, մի միամիտ երկտող է գրել ընկեր Կարոյին և խնդրել է նրանից «Ամբոխային տրամաբանությունը» — ահա՛ և ամբողջը։ Երկտողը գտել են Կարոյի գրպանում, և ինքը պետք է տուժե. ի՞նչ թյուրիմացություն։ «Հիմար հեղափոխականի անզգուշություն», — մտածել է զայրացած ընկ. Վառոդյանը փորձության վայրկյանին։ — Եվ նա երկար ժամանակ չի ների իրեն ոչխարային այդ վախը, այդ ամոթաբեր թուլությունը, որ սև բիծ կարող է դնել ամեն մի իսկական հեղափոխականի անկաշառ խղճին։ Փառք աստծու, որ այդ մասին գոնե ոչ ոք չգիտե. ընկ. Վառոդյանը խոսք է տվել իրեն, որ այդ սև արատը մի