Այս էջը հաստատված է

մի ճաշակավոր բնակարան պատիվ կարող էր բերել... նույնիսկ Պետերբուրգին, այո, անգամ Պետերբուրգին... Եվ այս պատմությունն անելիս հաճույքով չըփչըփացնում է շրթունքները հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, իսկ ներկա գտնվող Գեներալ Ալոշը հաճույքից թարթում է աչքերն ու նայում է հատակին, համեստությունից ասես ուզում է գետինը մտնի։ «Հոգի մարդ է այդ Օսեփ Նարիմանովը» — մտածում է նա։

Եվ ճիշտ որ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, ինչպես ռուսներն են ասում, հոգի է, կատարյալ հոգի։ Չնայած, որ նա ծնվել է Հաշտարխանում, բայց, երևակայո՞ւմ եք, այնպես է ընտելացել Նաիրյան այդ` քաղաքին, որ-ասես այդտեղացի լինի։ Ահա սա է պատճառը, որ նա շատ գործեր, վեճեր, ընտանեկան կռիվներ, ամուսնական անախորժություններ և նման այլ և այլ փոքրիկ դատեր սիրում է հարթել ո՛չ որպես պաշտոնյա, այլ, այսպես ասած ընտանեբար, կամ, ավելի ճիշտ՝ հայրաբար — որի համար և նա ամենաիրավացի կերպով վայելում է բոլոր քաղաքացիների հարգանքը, իսկ շրջակայքում բնակվող գյուղացիների կողմից այդ հանգամանքն արտահայտվում է, որպես խորին ակնածանքով նվիրաբերած մի քանի տասնյակ ձու, տաս-տասներկու ֆունտ «անքաշ» պանիր, կամ, երբեմն էլ, եթե գործը քննվում է զատկական տոների նախօրյակին՝ մի երկու գառ կամ ուլ: Նա չի սիրում գործերը ձգձգել՝ զզվում է պաշտոնական եռուզեռից: Օսեփ Նարիմանովն այդպիսի մարդ չէ և չի էլ ուզում լինի: Եթե նա հնարավորություն ունենար և մի քիչ էլ ֆիզիկականը ներեր — ամենամեծ ուրախությամբ կթողներ քաղաքն էլ, հաշտարար դատավորի պաշտոնն էլ և որևէ մի գյուղ կտեղափոխվեր՝ երկրագործությամբ զբաղվելու: Օսեփ Նարիմանովը շատ է սիրում երկրագործությունը, մանավանդ այդ աստվածային զբաղմունքի կենարար բարիքները և հողային հարցի մասին սիրում է հայտնել բավականին ազատամիտ կարծիքներ: Հետաքրքիր անձնավորություն է Օսեփ Նարիմանովը — Օսեփ Նարիմանովին հարկավոր է հասկանալ: Հաշտարար դատավորի ատյանին կից շենքը, ինչպես ասացինք, ռեալական դպրոցն է, իսկ երկու տուն այն կողմը — օրիորդաց գիմնազը: Հարկավոր է ասել, որ քաղաքի այդ մասը ներկայացնում է իրենից — իսկական մի «կրթական կենտրոն»: Երկու դպրոցի շենքերը պատկանում են մեզ արդեն հայտնի Գեներալ