Այս էջը հաստատված է
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ

«Երկիր Նաիրի» վեպը լույս տեսնելուց հետո հեղինակն իր մի շարք հայրենակիցներից սկսեց ստանալ գրություններ, մեծ մասամբ բարեկամական նամակներ, որոնցով այդ արգո նաիրցիները մի կողմից իրենց խորին գոհունակությունն են հայտնում հեղինակին, որ նա որոշ տեսակետով, այսպես ասած՝ անմահացրել է իրենց սրտին շատ մոտ նաիրյան այդ քաղաքի օրերն ու վաստակները,— իսկ, մյուս կողմից, դժգոհությունը, որ հեղինակը, իր կամքից երևի անկախ պատճառներով, նաիրյան այդ քաղաքի մի քանի արգո քաղաքացիների մասին արձանագրել է տեղեկություններ, որ չեն համապատասխանում իրականության։ Այսպես, օրինակ, մի շարք քաղաքացիներ հայտնում են, որ նաիրյան այդ քաղաքի առաջին ծխականի տեսուչ եղել է ոչ թե պ. Մարուքեն, ինչպես ասված էր մեր աշխատության մեջ, այլ պ. Բյուզանդ Վարդերեսյանը, որի և մի շարք ոչ այնքան էլ գեղեցիկ արարքները ծխական դպրոցում, հիշյալ հիմնական սխալի պատճառով, վեպում վերագրված էին պ. Մարուքեին։ Այս վերջինի մասին մի շարք ամենաստույգ աղբյուրներ իրենց պարտքն են համարում հայտնել նաև այն, որ նա, այսինքն պ. Մարուքեն, ավարտած է եղել ո՛չ թե Գևորգյան ճեմամարանը, ինչպես ասված էր մեր վեպում, այլ— տեղական յոթնամյա քաղաքային դպրոցը, որտեղից և, որքան մեզ հայտնի է, անցել է արտասահման (Բեռլին):— Սակայն այս վերջին հանգամանքն է ահա, որ այնպես էլ մութ մնաց հեղինակին, մեզ այնպես էլ չհաջողվեց ճշտել, թե եղե՞լ է նա արդյոք Բեռլինում, ինչպես ինքն է ասում, և, եթե այո՝ իրերի ի՞նչ երջանիկ բերումով է, որ նա կարողացել էր