ռոճիկավոր պաշտոնյա է թեկուզ բայց սեփական տուն ունի և մի քիչ էլ հող, — մի խոսքով հարուստ է, խելացի, հասարակական լայն կապեր ունի, և, որ ամենագլխավորն է՝ Մազութի Համոն անդամ է... «Ընկերության» — և այն էլ՝ ազդեցիկ անդամ... Չե՞ք հավատում. — բայց ես այդ ամենահաստատ աղբյուրից գիտեմ։ Հայտնի է և այն, որ նա, Մազութի Համոն, արտասահմանից «Դրոշակ» է ստանում և գաղտնի կերպով տարածում ժողովրդի ստորին խավերում։ Եվ այս հանգամանքը ոչ միայն ինձ, հասարակ մահկանացուիս է հայտնի, այլև նույնիսկ իրեն — գավառապետին, — և այս է ահա ամենազարմանալին։ Գավառապետը Համո Համբարձումովիչի հեղափոխական գործունեության վրա մատների արանքից է նայում և, հայտնի չէ թե ինչու, նրա հեղափոխական գործունեությանը համարում է «միամիտ չարաճճիություն»։ Համո Համբարձումովիչը կրակ էլ լինի — հոգի է և միանգամայն անվնաս անձնավորություն, — ասում է գավառապետը։ «Դուր՝ է եկել մարդուն» — մտածում են քաղաքացիք. «Ի՞նչ ասես»։ Բայց թե իրոք որքա՜ն է դուր եկել գավառապետին Մազութի Համոն — դժվար է մի քիչ պատկերացնել, քանի որ հայտնի է բոլորին, որ Վարդանի կամուրջի դիմացը գտնվող այն հողե խրճիթը պայթելու ժամանակ, երբ գործը պետական քննության հանձնվեց վարժապետ Կարոյի գրպանում գտնվեցին... Մազութի Համոյի ձեռքով գրված մի շարք նամակներ... Եվ եթե գավառապետը չլիներ և չծածկեր այդ գործը — Համո Համբարձումովիչը հիմա Սիբիրում կլիներ, Մազութի Համոյի ոսկորներն անգամ հիմա փտած կլինեին...
Բայց արի տես որ՝ չնայած Մազութի Համոյի այդքան մեծ դիրքին ու հռչակին, մի ժամանակ քիչ մնաց, որ նրա գրասենյակը, որպես «Նաիրյան գործերի կենտրոն», իր առաջնությունը զիջեր — երևակայո՞ւմ եք՝ Ալեքսանդրյան կոչված փողոցում գտնվող չնչին մի խանութի, որի ցուցանակի վրա նկարված կային երկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ և մի հատ էլ չգիտես — ձիո՞ւ, թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած: Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը և ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված էր ռուսերեն` Магазин «Охота» Ншан Маранкозян. Այս նշանավոր ցուցանակը կպցրած էր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ և ձախ կողմը կպցրած կային երկու ուրիշ ցուցանակներ, որոնց վրա թեկուզ նկարներ