չկային, բայց գրությունը հայերեն էր. «Ծախում եմ որսորդական զանազան» — գրված էր մեկի, և «Ապրանքներ Նշան Մառանկոզյան» — մյուսի վրա։ Որսորդական ապրանքներ վաճառող Մառանկոզ Նշանի այս չնչին խանութն էր ահա,որ մի ժամանակ մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ և կամենում էր դառնալ... Նաիրյան գործերի կենտրոն. -ծիծաղելի է, չէ՞։ Բայց Մառանկոզ նշանի այդ անխոհեմ վարմունքը, ինչպես և կարելի էր ենթադրել, վերջացավ կատարյալ անհաջողությամբ, և գործի նման վախճանը Մառանկոզ Նշանի համար ունեցավ բավականին ողբերգական նշանակություն... Գործիչ ընկերների մշտական ելումուտը և գործնական հավաքույթներն ի վերջո հիմնովին քայքայեցին Մառանկոզ նշանի տնտեսական-ֆինանսականը, որովհետև հո չէ՞ր կարելի հավաքել մարդկանց և դատարկ զրույցներով կերակրել, հարկավոր էր և որոշ հյուրասիրություն, ինչպես այդ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրների քաղաքական ակումբներում. մի բաժակ թեյ, մի երկու ֆունտ խաղող, մի թաս արաղ կամ գինի, իսկ երբեմն էլ, փոփոխության համար — մի երկու ռյումկա կոնյակ։ Մի ամիս միայն Մառանկոզ Նշանի տնտեսականը կարողացավ դիմանալ գործիչ-ընկերների բարձրապատիվ գրոհին. մի ամիս միայն նրա խղճուկ խանութը կարողացավ «Նաիրյան գործերի կենտրոն» հանդիսանալու բարձր պատվին արժանանալ։ Մի ամիս հետո, ցավոք իր սրտի և ի մեծ հաճույք Մազութի Համոյի — Մառանկոզ Նշանն ստիպված եղավ ծախել իր խանութը, թեկուզ բան էլ չէր մնացել, ինչպես ասում են, ծախելու, — և գնաց Պուլկարիա` ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու։ Եվ հիմա նրա խանութը, թեկուզ ցուցանակները դեռ մնացել են անփոփոխ, միայն հիասթափություն կարող է առաջացնել, եթե մեկը՝ ցուցանակներին նայելով, ներս մտնի որսորդական պիտույքներ գնելու։ Ներս մտնողը հիմա այդ նշանավոր խանութում կտեսնի — նախ՝ խանութի մի պատից մյուսը ձգվող փայտե մի նեղ դազգահ, որ խանութը բաժանում է երկու անհավասար մասի, իսկ դազգահի այն կողմը` դեմը, կողք-կողքի շարված` թիթեղե մի չինացի, ձեռքին կլոր մի վահան, — ավստրիական, նույնպես թիթեղե, կանաչագույն մի զինվոր, նույնպես վահանը ձեռքին, — ֆեսավոր մի ասկյար, նա՛ էլ թիթեղե ու վահանավոր, — և մի շարք ուրիշ նման արարածներ — բոլորը թիթեղե, բոլորը վահանավոր։ Իսկ խանութի առաստաղից այդ թիթեղե արարածների գլխին բարակ թելերով կախված գույնզգույն ձվերն ու լուցկիները, խորքում դիմացի
Էջ:Երկիր Նաիրի.djvu/31
Այս էջը հաստատված է