Այս էջը հաստատված է

պատին հենած կարտոնե դեկորացիան, որ իբր թե անտառ է ներկայացնում, դազգահի վրա դրված հսկա գրամաֆոնը և բախտախաղի կլոր սեղանը` վրան էժանագին սապոններ, աղամաններ և մի քանի հատ թղթադրամներ շարած — այս բոլոր հեքիաթային երևույթները հասկանալու համար հարկավոր է գիտենալ, որ Նշան Մառանկոզյանի այնքան նշանավոր, պատմական անցյալ ունեցող հեղափոխական խանութում հիմա մեզ արդեն հայտնի Բիթլիսցի Արշակի եղբայրը՝ Ամերիկայից վերադարձած Բիթլիսցի Մանուկը, հիմնել է «Տիր» կոչված հիմնարկությունը, որ վերջին նորությունն է, նաիրյան այդ քաղաքի վերջին ամերիկական նորությունը, ուր կիրակի օրերը շատ պատկառելի քաղաքացիներ զբաղվում են հոգեշահ բախտախաղով, իսկ գիշերները ծխական դպրոցի ուսուցիչներից մի քանիսը, կոշկակար Սիմոնը, Մեռելի Ենոքը, Տելեֆոն Սեթոն և ռեալական դպրոցի բարձր դասարանի աշակերտներից շատերը հավաքվում են գաղտնի թղթախաղի։

Հիմա ամեն անգամ այդ խանութի մոտից անցնելիս Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի սիրտը լցվում է մարդասիրական տխուր զգացմունքով. նա հիշում է Մառանկոզ Նշանին և խղճում է մարդկանց։ Եվ այդ խեղճ, անճարակ, գռեհիկ վանեցին ուզում էր իր՝ Համո Համբարձումովիչի հետ, մրցության ելնել... Ո՞վ էր նա և ո՞վ է ինքը, «Լույսի» ներկայացուցիչ Մազութի Համոն... Այս համեմատությունն անելիս Համո Համբարձումովիչը հիշում է միշտ, ինքն էլ չգիտե ինչու, գավառապետի կնոջը — Ագրիպպինա Վլադիսլավովնային և նրա սիրտը հալչում է մի անուշ ջերմությունից, ինչպես թեյի մեջ գցած ռաֆինադ — շաքար։ «Դժվար է Մազութի Համոյի հետ մրցել, շատ է դժվար» — մտածում է նա։

Եվ ճիշտ որ՝ ինչո՞ւ, մրցել։ Ինքը ամենամոտիկ բարեկամն է — գավառապետի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի և այլն, և այլն, և այլն — քաղաքի բոլոր ազդեցիկ և դիրքի տեր մարդկանց։ Վերջապես ինքը — այո– նախագահն է տեղական «Կոմիտեի», և նույնիսկ երևակայո՞ւմ եք — «Կենտրոնական Կոմիտեի», թեկուզ այս մասին գավառապետը չգիտե և չի էլ ենթադրում... Գիտենա էլ — ի՞նչ պիտի անե. դժվար է, դժվար է Համո Համբարձումովիչի հետ մրցելը` խելացի մարդ է գավառապետը, նա հո չի կարող այդ բանը չհասկանալ... Իսկ այն, որ նա ներկայացուցիչն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերության. նավթը հո «որսորդական ապրանք»