Այս էջը հաստատված է

Միջահասակ է, լայնաթիկունք. չիլ այտեր ունի, դեղին մորուք։ Սիրում է ածիլելիս շրթունքներն այնքան մոտեցնել սափրվողի դեմքին, որ նրա մասին քաղաքում պատմում են զանազան առասպելներ։

Նրա հարևանը — կոշկակար է, հայտնի է քաղաքում, որպես սքանչելի «կինտաուրի» պարող։ Բարեկենդանի հինգշաբթի երեկոները, երբ քաղաքի ակումբում, որ մի փոքր բեմանման հարմարություն ունի, որևէ եկվոր մի դերասան տեղական սիրողների հետ խաղում է «Վարդանանց պատերազմը» — բոլորը գնում են ակումբ ո՛չ այնքան «Վարդանանց պատերազմը», որքան կոշկակար Սիմոնի «կինտաուրին» տեսնելու։ Բոլորը սիրում են նրան, բացի վարսավիր Վասիլից, որ չարախնդաբար անվանում է նրան կամ «Կինտաուրի Սիմոն», որ դեռ էլի ոչինչ, — և կամ... «Կլուբի մեյմուն». — կատարյալ խայտառակություն։

Բայց ամենից հետաքրքիրը կոշկակարի հարևանն է՝ պարսկաստանցի մի վաճառական, որ զբաղվում է գորգի, քիշմիշի, մորթեղենի և շաքարի առևտրով։ Եթե խանութը մտնեք՝ կտեսնեք. — գորգեր, գորգեր, գորգեր՝ հին, փոշոտ, զանազան։ Աղվեսի, սանսարի, վագրի ու արջի մորթիներ։ Պարկերով իրար վրա դարսած շաքար։ Արկղերով քիշմիշ։ Մեծ խանութ է. Պարսկաստանի և Եվրոպայի հետ առևտրական կապեր ունի։

Հարևան խանութը — մեզ արդեն բավականին ծանոթ Ղահվեճի Սեթոյի խանութն է, ուր նա չոր սուրճ է ծախում։ Ինչպես այս խանութը, այնպես էլ իրեն՝ ղահվեճի Սեթոյին չպետք է շփոթել Տելեֆոն Սեթոյի և նրա այն հայտնի սրճարանի հետ, որը գտնվում է մի քանի խանութ այն կողմը, և որի ցուցանակի վրա, ինչպես ասված է արդեն, գրված է` «Չայ, Ղահվե, ճաշարան, Սեթրակ Ֆալիան»։ Չնայած որ երկուսի էլ անունը Սեթո է և երկուսն էլ գործ ունեն սուրճի հետ, սակայն մեկը չոր սուրճ ծախող է, իսկ մյուսը — սրճարանատեր։ Բացի այս, — չհաշված այս երկու արգո նաիրցիների հիշյալ զուտ-պրոֆեսիոնալ տարբերությունը՝ նրանց մեջ կա և, եթե կարելի է այսպես ասել, անձնական տարբերություն. — ղահվեճի Սեթոն միջահասակ է, գիրուկ, անբեղ-անմորուք, թորշոմած դեմք ունի, ներքինու կերպարանք. — այնինչ Տելեֆոն Սեթոն չոր է, բարձրահասակ, գլուխը ֆեսի է նման, չոր բեղեր ունի, ցանցառ մորուք, այծի կերպարանք։ Եվ, վերջապես, տարբեր է այս երկուսի, այսպես ասած՝ հասարակական դիրքը. — ղահվեճի Սեթոյի խանութը — աննշան,