դատարկ են լինում, այնինչ փողոցի մեջտեղով, խուռն ու բազմերանգ, հոսում են բավականին ստվար բազմություններ։ Անցնում են փողոցի մեջտեղով՝ սայլեր, ոչխարի և տնային այլ անասունների բազմագլուխ նախիրներ, մշակներ, որ մեծ խմբերով գնում են քաղաքից դուրս՝ երկաթուղագծի վրա աշխատելու, գյուղացիներ, որ գյուղական այլ և այլ բարիքներ են բերում քաղաքում վաճառելու։ Սայլերի, նախիրների և գյուղացիների այդ խուռներամ հոսանքը հոսում է Լորիս Մելիքյան փողոցի մեջտեղով դեպի մեյդանը, այսինքն շուկան, որ գտնվում է փողոցի և կայարանի մեջտեղն ընկնող այն դաշտանման տեղում, որ տեղացիների լեզվով կոչվում է «գյոլ», կամ «լիճ», որովհետև գարնան սկզբին այդտեղ է հավաքվում բլուրներից հոսող ջուրը, որը և մնում է այդտեղ լճացած, մինչև որ չորանա։ Անցնում են, անցնում են. առավոտները հաճախ մշուշ է լինում, — ու մշուշի միջից դանդաղ առաջացող, կարծես մշուշից ելնող սայլերից, նախիրներից ու գյուղացիներից կազմված հորդածոփ այդ հոսանքը արժանանում է իրենց խանութների առաջ նստած կամ կանգնած, գնորդի սպասող խանութպանների զանազան նկատողություններին։ Պետք է ասել, որ առավոտվա այդ կանուխ պահերին, երբ գյուղերից եկած հոսանքը դեպի մեյդան է շտապում, փողոցի երկու կողմը շարված խանութները շատ չնչին ուշադրության են արժանանում դեպի մեյդան շտապող գյուղացիների կողմից, վերջը, կեսօրից հետո, երբ իր բարիքը ծախած գյուղացին ետ դեպի գյուղ է շտապում նույն Լորիս Մելիքյան փողոցով — այս անգամ ոչ թե մեջտեղով, ինչպես այդ վայել է սայլերին ու նախիրներին, այս մայթերի վրայով,— այդ ժամանակ միայն եռում, կատաղի ճակատամարտի տեսք է ստանում մանրուքի խանութների առևտուրը։ Իսկ մինչ այդ, մանավանդ առավոտյան այդ վաղ պահերին, երբ նոր է սկսվում գյուղացիների հոսանքը դեպի մեյդան, — նաիրցի խանութպանները խաղաղ նստած են լինում իրենց խանութների առաջ և փողոցի մեջտեղով դանդաղ առաջացող եռուզեռին նայելով հաղորդում են իրար իրենց պատահական մտքերն ու տպավորությունները։ Օրինակ, — «Ան օչխարը, նայե՛. մեկ փութ դմակ կախված է ետևեն» — ասում է Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը ղահվեճի Սեթոյին։ «— Ես յաղլու մը կլլած եմ առտուս-տեղի-անտեղի պատասխանում է ղահվեճին, ինչպես երևում է, բոլորովին տարբեր տրամադրություններով տարված։ Եվ Հաջի Օնիկ էֆենդին, միանգամայն բավարարված այդպիսի մի պատասխանով, լռում է խորհրդավոր
Էջ:Երկիր Նաիրի.djvu/39
Այս էջը հաստատված է