Այս էջը հաստատված է

բաղանիքներն էլ, առանց բացառության, մինչև ցերեկվա ժամը չորսը բաց են կանանց, իսկ չորսից հետո — տղամարդկանց համար։ Բաղանիք այդ քաղաքում կանայք գնում են առանձին մի շուքով, կարծես գնում են ծիսակատարության։ Գնում են, ընդհանրապես, մի քանի ազգական — կանայք, աղջիկներ և երեխաներ միասին, մենակ ընդունված չէ բաղանիք գնալ նաիրյան այդ քաղաքում։ Առջևից, գնացքի ավանզարդը կազմելով, գնում է սովորաբար գզգզված մի մշակ շալակին պղնձե մի մեծ ջրաման, որի մեջ դրված են լինում պղնձե կլոր թասեր, փայտե նալըններ, սանր, սապոն — մի խոսքով լողանալու զանազան պարագաներ։ Եթե ընտանիքում ծծկեր երեխա է լինում — նրան էլ սովորաբար գրկում է նույն մշակը, որի երկու կողքից հաղթական քայլերով արշավում են երեխաները, տղաներ ու աղջիկներ, տղաները — մինչև յոթը տարեկան, իսկ աղջիկների համար տարիքը նշանակություն չունի։ Երեխաների համար առանձին օրենք է ընդունված նաիրյան բաղանիքներում, ընդունված է կանանց հետ բաղանիք թողնել մինչև յոթը տարեկան տղաների, բայց եթե ընտանիքում, որ բաղանիք է գնում, հիվանդ է տասնևմեկ տարեկան մի տղա — նրան էլ մայրն իրավունք ունի հետը բաղանիք տանելու, հո չի կարող հիվանդ երեխան տանն սպասել և անլվա մնալ։ Այսպիսի բաղանիքային կարգեր կան, հնուց մնացած, նաիրյան այդ քաղաքում։

Եթե ամառ է, աշուն, մի խոսքով — մրգի ժամանակ՝ բաղանիք գնացող ընտանիքի հայրը, լինի նա վարսավիր Վասիլը, թե Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը կամ դուքանչի Եգորը — ցերեկվա տասներկուսին մոտիկ պետք է բաղանիք ուղարկե, լողացող ընտանիքին նվեր՝ ձմերուկ, սեխ, խաղող կամ խնձոր, և դա սովորաբար արվում է հրապարակով, բոլորին ի տես, մանավանդ երբ բաղանիք է գնացած լինում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի հանըմը՝ երեխաներով հանդերձ։ «էսօր էլի Հաջին բաղանիք է ղրկե Նունուֆար հանըմին» — ասում են հարևանները քմծիծաղ։ «Խեյր էղնի՞ — ասում է այդպիսի օրերին Եգոռ Համբարձումովը, «Եվրոպա» ճաշարանի տերը, Հաջի Օնիկին. «էսօր հաջին մեզ մոտ պիտի ճաշե, լավ բոզբաշ եմ շինել տվե, իսկական դամաշնի՝ սլամխլորով ու սոխով»։ Բայց Հաջին չի սիրում ընտանիքից դուրս — ճաշարաններում ճաշել, երբ տնից ճաշ չեն ուղարկում, նա յոլա է գնում հացով ու պանիրով, իսկ եթե մրգի ժամանակ է՝ սիրում է ձմերուկ կամ սեխ