Այս էջը հաստատված է

երկար, սանրում է մեծ խնամքով, թողնում է կարճ մորուք։ Դպրոցում պարապում է հայերեն և երգ։ Միևնույն ժամանակ դպրոցի տեսուչն է, ավագ ուսուցիչը։ Երկրորդ ուսուցիչը— մեզ արդեն ծանոթ պ. Մարուքեն է, դպրոցում նա ավանդում է թվաբանություն և ռուսաց լեզու։ Երրորդը նույնպիսի ճեմարանցի է, բայց ավելի է երիտասարդ, սիրում է հասարակական գործունեությամբ զբաղվել և միտք ունի հաջորդ ամառվա ընթացքում մեզ արդեն բավականին ծանոթ՝ երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանի ընկերակցությամբ մի շարք դասախոսություններ կարդալ հայոց պատմության մի քանի հետաքրքիր և դաստիարակիչ գլուխների մասին, կազմակերպել երիտասարդական միություն, որի գլխավոր նպատակներից մեկը պիտի լինի «Հայոց լեզուն տարածելու խնդիրը»— ռուսախոս նաիրցիների շրջանում։ Լավ երիտասարդ է պ. Աշոտը և լավ, մտքեր ունի, բայց դժբախտաբար անտարբեր չէ դեպի իր պաշտոնակցուհի օր. Նվարդ Լուսպարոնյանը, որ Թիֆլիսի հովնանյանավարտներից է և պահում է կարճ մազեր։ Չորրորդը նույնպես ուսուցչուհի է, երեսունին մոտիկ մի օրիորդ, օր. Վարդուհի Զատիկյան. վերջացրել է Երևանի Գայանյան դպրոցը, չի սիրում օր. Նվարդին և ֆիզիկական ատելություն է զգում դեպի նրա կարճ մազերն ու թեթևամիտ հանաքները։ «Կինը պետք է իրեն պահել իմանա»— ասում է նա հաճախ՝ ակնարկելով օր. Նվարդի հանաքները պ. Մարուքեի հետ, դեպի որը, ասում են, այնքան էլ անտարբեր չէ... ինքը՝ օր. Վարդուհին։

Նրանք նստած են հիմա ուսուցչանոցում, որը շատ լվանալուց խունացած հատակով և դեղնած առաստաղով երկպատուհան մի սենյակ է. մեջտեղում՝ կանաչ ծածկոցով, թանաքոտած մի սեղան, պատից կախված է մի մեծ, կայարանների ժամացույցներին նման, կլոր ժամացույց, իսկ երկու պատուհանների մեջտեղում— մի մեծ փայտյա պահարան։ Պատուհանները փողոց են նայում․ իսկ դուռը միջանցք է դուրս գալիս․ բակը․ որտեղ խաղում են երեխաները, մնում է հեռու— այդպիսով նրանք այստեղ բավականին ապահովված են իրենց զգում երեխաների աղմուկ-աղաղակներից. մի հանգամանք, որից շատ դժգոհ է պ. Մարուքեն և ավելի քան գոհ է օր. Նվարդը։

Թեյը, դեղին, պաղ, հորանջում է ապակյա բաժակներում, ձանձրալի է. հավաս չկա. թեյ, թեյ, թեյ,— ամեն օր նույնը։ Ձանձրալի են օր. Վարդուհու զրույցները կանացի առաքինության մասին